пятница, 11 декабря 2015 г.

Խմբագրել տեքստը



Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին, ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ՝ պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: 
Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է: 
Գրաբարի խոսակցական տարբերակը ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն, երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով: 
Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ, քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է: 
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:
 «Մեր լեզուն մեր հայրենիքն է:»
Ավետիք Իսահակյան
 
 «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:»
Ջորջ Բայրոն,
անգլիացի բանաստեղծ
 
 «Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում, որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն:»
Անտուան Մեյե,
ֆրանսիացի հայագետ

  «Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն:»
Մուշեղ Իշխան,
բանաստեղծ

Комментариев нет:

Отправить комментарий